Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Եթե չեք տեսել, ոչ պատմելը կօգնի, ոչ լսելը

Եթե չեք տեսել, ոչ  պատմելը կօգնի, ոչ լսելը
20.12.2016 | 09:39

Կատարյալ խենթություն է պրեմիեր լիգան թե կատարողականով, թե գեղեցկությամբ, ու այն ներկայացնելու համար հոմերոսյան թափ պիտի ունենալ, ինչից, ավաղ, զուրկ է ձեր խոնարհ ծառան, «Նապոլին» ու «Թուրինը», «Ջենովան» ու «Պարման» մի ներքին համաձայնությամբ որոշեցին սկուդետեն, որտեղ ասողը շարունակում է մնալ «Յուվենտուսը», վերածել հոկեյի առաջնության, մինչ «արքայականը» հեռավոր Ճապոնիայում իր վրա էր փորձում աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի հանդերձը, մրցաշարային աղյուսակով հարևաններ «Բարսելոնն» ու «Մալագան» նշանառության տակ էին առել 4:1 հաշիվը, ու տուժողները եղան նրանց խեղճ մրցակիցները, «Չելսին» շարունակում է մնալ անկասելի արդեն ավանդականի վերածվող իր նվազագույն հաշվով հաղթանակներով, Կառլո Անչելոտի «Բավարիան», չգիտես էլ՝ ոգևորվա՞ծ, թե՞ վարակված Անտոնիո Կոնտեից ու նրա գլխավորած «Չելսիից», որտեղից որտեղ 1:0 հաշվի մեջ ռոմանտիկա է հայտնաբերում ու դա մրցաշարային աղյուսակի բոլոր պարամետրերով համեստ «Դարմշտադտի» հետ խաղում, իսկ Ֆրանսիո կողմերում, ի դեմս «Պարի Սեն Ժերմենի», կարծես թե օրակարգային է դառնում նոր գլխավոր մարզչի փնտրտուքը:

ԱՆԳԼԻԱ

Տուրը սկսվեց «Կրիստալ Պալաս»-«Չելսի» լոնդոնյան դերբիով: Գրանցված նվազագույն հաշիվը մոտավոր իսկ պատկերացում չի կարող տալ դաշտում ծավալված գործողությունների խելահեղ գեղեցկության, մրցակցային կատաղի ոգու մասին: «Ազնվականները» անպարտելի հանդիպումների շարքը հասցրին տասնմեկի, իսկ նրանց ու ողջ պրեմիեր լիգայի գլխավոր հարվածային ուժը՝ Դիեգո Կոստան, խփեց առաջնության իր տասներեքերորդ գոլը:
Արտագնան հաջող էր և «Մանչեստր Յունայթեդի» համար: Այստեղ իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել Զլատան Իբրահիմովիչը՝ յուրաքանչյուր խաղակեսում «Վեստ Բրոմվիչի» դարպասի մեկական գրավումով՝ 2:0:
Հյուրընկալելիս ծանրագույն հանդիպումներ ունեցան «Մանչեստր Սիթին» ու «Տոտենհեմը»՝ նույն 2:1 հաշվով հասնելով կամային հաղթանակների: Առաջինը դա արեց «Արսենալի» հետ սկզբունքային խաղում, երկրորդը՝ «Բյոռնլիի» հետ դիմակայությունում: Երեկ երեկոյան կայացած «Էվերտոն»-«Լիվերպուլ» դիմակայությունից հետո «Մանչեստր Սիթին» կմնա՞ երկրորդ հորիզոնականում, թե՞ ոչ, կախված կլինի Յուրգեն Կլոպի սաների աղա քեֆից, ովքեր հաղթելու դեպքում մեկ միավորով կշրջանցեն Գվարդիոլայի 36 միավոր ունեցող սաներին: Իսկ առաջատարը «Չելսին» է՝ 43 միավոր: «Արսենալն» ունի 34, «Տոտենհեմը»՝ 33, «Մանչեստր Յունայթեդը»՝ 30 միավոր:

ԳԵՐՄԱՆԻԱ
Նախորդ տուրում կրած պարտությունից հետևություններ արած «Լայպցիգը» դժվարին խաղում կարողացավ պարտության մատնել «Հերտային» (2:0) ու ավանսով հավասարաքայլ մնալ «Բավարիային», որի հաղթանակը «Դարմշտադտի» նկատմամբ կասկած չէր հարուցում: Սոսկ ավելացնենք, որ մյունխենցիները երեք միավորը վաստակել են մեծ դժվարությամբ, ի հաշիվ հանդիպման միակ գոլի:
Եթե հիշում եք, նախորդ տուրում «Քյոլնի» հետ խաղում Դորտմունդի «Բորուսիային» հաջողվեց խուսափել պարտությունից: Նույնը եղավ և այս անգամ, սակայն շատ ավելի բարդ հանգամանքներում: «Հոֆենհայմի» հետ խաղում հյուրերը մեկ խաղակեսից ավելի տասը հոգով անցկացրին ու հակառակորդի թվային գերազանցության պայմաններում կարողացան խաղը փրկել (2:2) մի թիմի հետ մրցակցությունում, որն ընթացիկում դեռևս ոչ մեկին չի զիջել ու, որպես այդպիսին, միակն է բունդեսլիգայում: Ի դեպ, այս ոչ-ոքին «Հոֆենհայմին» բարձրացրեց երրորդ հորիզոնական՝ այնտեղից դուրս մղելով «Հերտային»:
«Բավարիան» ու «Լայպցիգն» ունեն 36-ական, «Հոֆենհայմը»՝ 27 միավոր: Ճիշտ այդքան ունի և «Հերտան», որը, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, չորրորդ հորիզոնականում է: Հետաքրքիր է, որ 5-6-րդ տեղերում գտնվող Դորտմունդի «Բորուսիան» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» նույնպես ունեն հավասար միավորներ՝ 26-ական:

ԻՍՊԱՆԻԱ
Ինչպես վերն ասել ենք, 4:1 հաշիվն է արձանագրվել «Բարսելոնի» ու «Սևիլիայի» ունեցած դիմակայություններում: Վերջինս անհանդուրժող է եղել «Մալագայի», առաջինը՝ «Էսպանյոլի» նկատմամբ (Մեսիի խփած գոլը նրա 51-րդն էր ընթացիկ տարում. սա 2016-ին լա լիգայում գրանցված ամենաբարձր արդյունքն է): Հաղթանակները թիմերին օգնել են 34 ու 33 միավորով ամուր մնալու երկրորդ ու երրորդ հորիզոնականներում, իսկ աղյուսակի գլխամասում Մադրիդի «Ռեալն» է 37 միավորով ու «Վալենսիայի» հետ դեռևս ունենալիք խաղով:
Մյուս հանդիպումներից նշենք «Սպորտինգի» նկատմամբ «Վիլյառեալի» (3։1) ու «Լաս Պալմասի» նկատմամբ «Աթլետիկոյի» հաղթանակները: Երկուսն էլ նկատելիորեն հեռու են առաջատար եռյակի թիմերից:

ԻՏԱԼԻԱ
Իտալական նոր նախագծի հայտ ներկայացրած «Ատալանտան» «Միլանի» հետ խաղում չկարողացավ գոլ հեղինակել, բայց և նույնը չթողեց անել տանտերերին, իսկ սա աղյուսակի երրորդ հորիզոնականում եղած միլանցիների մերձակա մրցակիցների՝ «Նապոլիի» ու «Լացիոյի» համար նրան շրջանցելու լավագույն հնարավորություն էր: Երկուսն էլ պատվով կատարեցին իրենց առաջադրանքը: Առաջինը գոլառատ խաղում պարտության մատնեց «Թուրինին» (5:3, պոկերի հեղինակ է դարձել Մերտենսը, որը նախորդ խաղում էլ հեթ տրիկ էր ձևակերպել), երկրորդը՝ «Ֆիորենտինային» (1։3):
Բացառիկ լարված մրցակցություն է գրանցվել «Ջենովա»-«Պալերմո» դիմակայությունում, որտեղ հյուրերը 1:3 հաշվով պարտվելու պայմաններում կարողացել են հաղթանակ կորզել 4:3 հաշվով: Վերջին երկու գոլը նրանք խփել են խաղի 88 և 90-րդ րոպեներին:
Ինչ վերաբերում է «Յուվենտուսին», «ծեր սինյորան» «Ռոմային» առարկայնորեն ցույց տվեց, որ «գայլերի» համար դեռ վաղ է իր հետ ոտք գցելը, որքան էլ որ սույնը հասկացնելու համար բավարարվեց մրցակցի դարպասի մեկանգամյա գրավումով:
«Յուվենտուսն» ունի 42, «Ռոման»՝ 35, «Նապոլին» ու «Լացիոն»՝ 34-ական միավոր: «Միլանի» ունեցածը 33 միավոր է:

ՖՐԱՆՍԻԱ
Հետաքրքիր զարգացումներ են և դիվիզիոնում: Նախորդ տուրում սեփական դաշտում «Նիցցայի» հետ (որքան էլ այն առաջնության առաջատարն էր) ոչ-ոքի խաղացած «Պարի Սեն Ժերմենն» ակնհայտորեն լուրջ հոգեբանական խնդիրներ ունի: Համենայն դեպս, «Գենգամի» հետ խաղում պարտությունը (1:2) այդ դասից է, որքան էլ որ վերջինիս հեշտ մրցակիցներից չես համարի, այն էլ՝ ընթացիկ խաղարկությունում: Թերևս այստեղ միջանկյալ նշենք, որ գնալով ավելի առարկայական է դառնում ՈՒնաի Էմերիի պաշտոնանկության հարցը: Նրան հնարավոր փոխարինողների ցուցակում են Լուի վան Գալը, Ֆաբիո Կապելոն, Ռոբերտո Մանչինին:
Երկրի գործող չեմպիոնի այս պարտությունը հրաշալի նվեր էր թե՛ «Նիցցայի», թե՛ «Մոնակոյի» համար, որոնք կարող էին ավելի պոկվել մայրաքաղաքայիններից: Ի հաշիվ Բալոտելիի դուբլի, «Դիժոնի» հետ խաղում «Նիցցան» խնդիրը հաջողությամբ լուծեց (2:1), իսկ ահա «Մոնակոն» բավականին անսպասելի զիջեց «Լիոնին», այն էլ սեփական հարկի տակ՝ 1:3:
Առաջնությունում չորս միավորի առավելությամբ առջևում է «Նիցցան»: «Մոնակոն» ունի 39, «Պարի Սեն Ժերմենը»՝ 36 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ